Ինտելեկտուալ մրցույթի դրույթներ և պայմաններ

«AIգրագետ» (Start + Level Up) դասընթացի շրջանակներում անցկացվող MacBook Neo մրցանակների ինտելեկտուալ մրցույթի (Terms & Conditions)

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Կարգավորման առարկան․ Սույն Դրույթներն ու Պայմանները սահմանում են «AIգրագետ» (Start + Level Up) դասընթացի մասնակիցների համար անցկացվող ինտելեկտուալ մրցույթի կազմակերպման, անցկացման, մասնակիցների նույնականացման, գնահատման, ազնիվ խաղի (Fair Play) ապահովման, բողոքարկման և մրցանակների հանձնման կարգն ու պայմանները։

1.2. Իրավական հիմքը և վիճակախաղ չհանդիսանալու երաշխիքը․ Սույն միջոցառումը հանդիսանում է բանականություն, մտածողություն և գիտելիքներ պահանջող ինտելեկտուալ մրցույթ։ Մրցույթում հաղթողների ընտրությունը ԲԱՑԱՌԱՊԵՍ հիմնված է մասնակիցների գիտելիքների, մտածողության արագության և ճշգրտության վրա, իսկ պատահականության (վիճակահանության) որևէ տարր ամբողջությամբ բացառված է։

1.3. Հրապարակային օֆերտայի կարգավիճակը․ Կազմակերպչի պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում սույն Դրույթների և Պայմանների հրապարակումը հանդիսանում է հրապարակային առաջարկ (օֆերտա)։ Մասնակցի կողմից դասընթացին գրանցվելը և/կամ մրցույթին միանալը հանդիսանում է սույն Դրույթների և Պայմանների անվերապահ և լիակատար ընդունում (ակցեպտ)։

1.4. Դասընթացի վճարի և Մրցանակային ֆոնդի տարանջատումը․ Մասնակիցների կողմից վճարվող գումարը հանդիսանում է բացառապես «AIգրագետ» կրթական դասընթացի մասնակցության վճար (ծառայությունների մատուցման գին)։ Այն չի հանդիսանում մրցույթի տոմսի գին կամ շահումային ֆոնդի ձևավորման վճար։ Մրցույթի մրցանակները ձևավորվում և տրամադրվում են բացառապես Կազմակերպչի սեփական միջոցների հաշվին՝ որպես ինտելեկտուալ խրախուսական պարգև լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցներին։

2. Մրցանակային ֆոնդը և բաշխման կարգը

2.1. Մրցանակների կազմը․ Մրցույթի շրջանակներում որպես մրցանակ (պարգև) նախատեսված է ընդհանուր 9 (իննը) հատ MacBook Neo համակարգիչ։

2.2. Բաշխման փուլերը․ Մրցանակները բաշխվում են 3 (երեք) առանձին փուլերով (խմբերով)՝ յուրաքանչյուր փուլում 3-ական MacBook Neo համակարգիչ՝ ինտելեկտուալ մրցույթի արդյունքներով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին։

2.3. Մրցանակների բնույթը․ Մրցանակները հանդիսանում են իրային պարգևներ և ենթակա չեն դրամական համարժեքով փոխարինման կամ այլ անձանց փոխանցման։

3. Մասնակցության որակավորումը և ժամանակացույցը

3.1. Մասնակիցների որակավորումը․ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն այն ֆիզիկական անձինք, որոնք սահմանված ժամկետներում գրանցվել և վճարել են «AIգրագետ» դասընթացի համար։ Մասնակիցները բաժանվում են 3 խմբի․

  • Խումբ 1․ Մասնակցում են 01․10․2026թ․-ից մինչև 31․10․2026թ․-նն ընկած ժամանակահատվածում դասընթացին գրանցված և վճարած անձինք։
  • Խումբ 2․ Մասնակցում են 01․11․2026թ․-ից մինչև 30․11․2026թ․-նն ընկած ժամանակահատվածում դասընթացին գրանցված և վճարած անձինք։
  • Խումբ 3․ Մասնակցում են 01․12․2026թ․-ից մինչև 29․12․2026թ․-նն (մինչև ժամը 15:00-ն) ընկած ժամանակահատվածում դասընթացին գրանցված և վճարած անձինք։

Մրցույթները անցկացվում են յուրաքանչյուր ամսվա 1-3-ը, ժ․ 19:00։ Մրցույթի անցկացման ամսաթվի վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիան մասնակիցներին նախապես ուղարկվում է էլ․ հասցեով։

3.2. Մեկ անգամ հաղթելու սահմանափակումը․ Մեկ անգամ MacBook Neo համակարգիչ հաղթած մասնակիցը դուրս է գալիս հաջորդ փուլերի մրցույթներից, որպեսզի մրցանակները բաշխվեն տարբեր մասնակիցների միջև։

4. Մասնակիցների պարտադիր գործողությունները և մրցույթին միանալու ընթացակարգը

4.1. Տեղեկացում և հղումների ստացում․ Դասընթացին գրանցված և վճարած բոլոր մասնակիցներին էլեկտրոնային փոստի (Email) միջոցով ուղարկվում է հիշեցում-նամակ՝ մրցույթի անցկացման ժամի, պայմանների և միանալու հղման վերաբերյալ։ Կայքում և սոցիալական էջերում Ինստագրամ, Ֆեյսբուք (Instagram, Facebook) մրցույթի սկսվելուց 3 օր առաջ հրապարակվում են ամենօրյա հիշեցումներ։

4.2. Ուղիղ եթերին միացում․ Մրցույթի անցկացման օրը՝ ուղիղ ժամը 19:00-ին, մասնակիցները պետք է միանան «ai_qezban» ինստագրամյան էջով իրականացվող ուղիղ եթերին (Live)։ Ուղիղ եթերն անցկացվում է Լումիվերս ՓԲԸ-ի (ReArmenia-ի) գրասենյակից՝ հաղորդավարի մասնակցությամբ։

4.3. Հարթակ մուտք գործելը․ Մասնակիցները նախապես ստանում են https://ahaslides.com/ հղումը էլեկտրոնային նամակով։ Ուղիղ եթերի մեկնարկին մասնակիցները անցնում են այդ հղումով մրցույթին միանալու համար։

4.4. Նույնականացումը (Email-ի ճշգրիտ մուտքագրում)․ Հարթակում «Անուն» (Name) դաշտում մասնակիցը ՊԱՐՏԱԴԻՐ պետք է մուտքագրի այն էլեկտրոնային փոստի հասցեն (Email), որով գրանցվել է դասընթացին։ Այլ անուն կամ ծածկանուն մուտքագրելու դեպքում մասնակցի արդյունքը ենթակա է չեղարկման։

4.5. Միանալու սպասման ժամանակը․ Մասնակիցների միանալու համար ուղիղ եթերով տրվում է մինչև 4 րոպե ժամանակ։ Եթե տվյալ խմբի գրանցված մասնակիցների 30%-ից պակաս մասն է միացել, սպասման ժամանակը կարող է երկարաձգվել մինչև 8 րոպե։

5. Մրցույթի անցկացման մեխանիզմը և գնահատման չափանիշները

5.1. Հարցաշարի բովանդակությունը․ Մրցույթը բաղկացած է 30 (երեսուն) ինտելեկտուալ հարցերից՝ տեխնոլոգիաների, գյուտերի, արհեստական բանականության (AI) իրականության և միֆերի վերաբերյալ։

5.2. Ժամանակային սահմանափակումը․ Յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար սահմանվում է 15-20 վայրկյան ժամանակ։ Հարցերը հերթականությամբ ցուցադրվում են ուղիղ եթերի էկրանին և մասնակիցների սարքավորումների վրա։

5.3. Գնահատման չափանիշները (Պատահականության բացառում)․ Հաղթողները որոշվում են AhaSlides ավտոմատացված համակարգի կողմից՝ հիմնվելով երկու օբյեկտիվ չափանիշների վրա․ ա) ճիշտ պատասխանած հարցերի քանակը, բ) պատասխանելու արագությունը (վայրկյանի մասնաբաժինների ճշտությամբ)։ Այս երկակի չափանիշը բացառում է պատահականության տարրը և հավասար միավորներ հավաքելու ռիսկը։

5.4. Հաղթողների ավտոմատ որոշումը․ 30-րդ հարցի ավարտից անմիջապես հետո համակարգը էկրանին ցուցադրում է առավելագույն միավորներ հավաքած 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած հաղթողներին։ Հաղորդավարը հայտարարում է հաղթողներին, որից հետո մրցույթը համարվում է ավարտված։

6. Ազնիվ խաղի (Fair Play), էթիկայի և անվտանգության կանոնները

6.1. Արտաքին միջամտության (օգնության) և տեխնիկական միջոցների արգելքը․ Մրցույթն անցկացվում է ազնիվ մրցակցության (Fair Play) սկզբունքներով։ Հարցերին պատասխանելու ընթացքում խստիվ արգելվում է օգտվել արտաքին որոնողական համակարգերից, արհեստական բանականության այլ գործիքներից, տեղեկատվական նյութերից կամ երրորդ անձանց օգնությունից։

6.2. Խարդախության (Cheating) և կրկնակի հաշիվների արգելքը․ Արգելվում է ավտոմատացված ծրագրերի (բոտեր, սկրիպտներ), կեղծ կամ այլ անձանց էլեկտրոնային հասցեների օգտագործումը կամ մեկից ավելի սարքերով միաժամանակյա մասնակցությունը։

6.3. Մոնիտորինգ և Որակազրկում (Disqualification)․ Կազմակերպիչն իրավունք ունի իրականացնելու մասնակիցների պատասխանների ճշտության և արագության վերլուծություն։ Անօրինական միջոցներով կամ խարդախությամբ հաղթանակի հասնելու փաստի հայտնաբերման դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի անմիջապես որակազրկել տվյալ մասնակցին, չեղարկել նրա արդյունքը և մրցանակը փոխանցել հաջորդ լավագույն արդյունքը ցուցաբերած մասնակցին։

7. Տեխնիկական խնդիրներ, ֆորս-մաժոր և հարցերի չեղարկում

7.1. Մասնակցի անհատական տեխնիկական պատասխանատվությունը․ Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում մասնակիցների անհատական սարքավորումների, ինտերնետ կապի խափանումների կամ տեխնիկական թերությունների համար։

7.2. Տեխնիկական խնդիրների բացառությունը․ Եթե մասնակիցը հիմնավորում է (սքրինշոթների կամ տեսանյութի տեսքով), որ իրենից անկախ պատճառներով չի կարողացել մասնակցել մրցույթին, Կազմակերպիչը կարող է նրան հնարավորություն ընձեռել մասնակցելու հաջորդ խմբի ինտելեկտուալ մրցույթին։

7.3. Հարցերում տեխնիկական/փաստացի սխալների չեղարկումը․ Եթե որևէ հարց պարունակում է ակնհայտ տեխնիկական, տեքստային կամ փաստացի սխալ, Կազմակերպիչն իրավունք ունի չեղարկել տվյալ հարցը բոլոր մասնակիցների համար և հաղթողներին որոշել մնացած վավեր հարցերի արդյունքներով։

8. Անձնական տվյալների մշակման և մարքետինգային նպատակներով օգտագործման համաձայնություն

8.1. Համաձայնության տրամադրումը․ «AIգրագետ» դասընթացին գրանցվելով և/կամ MacBook Neo մրցանակների ինտելեկտուալ մրցույթին մասնակցելով՝ Մասնակիցը տալիս է իր անվերապահ և լիակատար համաձայնությունը Կազմակերպչին՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն մշակելու իր տրամադրած անձնական տվյալները։

8.2. Մշակվող տվյալների կազմը․ Սույն համաձայնության շրջանակներում մշակվող անձնական տվյալներն են․

  • Անունը, ազգանունը,
  • Էլեկտրոնային փոստի հասցեն (Email) և հեռախոսահամարը,
  • Telegram-յան օգտատիրոջ անունը (Username),
  • Մրցույթի ընթացքում ցուցաբերած ինտելեկտուալ արդյունքները, միավորները և զբաղեցրած տեղը,
  • Ուղիղ եթերի, մրցանակների հանձնման և ֆոտո/տեսանկարահանման ընթացքում ստացված լուսանկարները, ձայնագրությունները և տեսանյութերը։

8.3. Մշակման նպատակները և հրապարակումը․ Անձնական տվյալների մշակումն իրականացվում է հետևյալ նպատակներով․

  • Մրցույթի անցկացում և նույնականացում․ Մասնակցի պատշաճ նույնականացում, AhaSlides հարթակում արդյունքների հաշվարկում և հաղթողների որոշում,
  • Արդյունքների հրապարակում․ Մրցույթի թափանցիկությունն ապահովելու նպատակով հաղթողների անունների, լուսանկարների և արդյունքների հրապարակում Telegram ալիքում, Instagram, Facebook սոցիալական էջերում, կայքում և ԶԼՄ-ներում,
  • Մարքետինգ և Գովազդ․ Կազմակերպչի կողմից իրականացվող կրթական ծրագրերի, մրցույթների, ակցիաների և նորությունների վերաբերյալ տեղեկատվական/մարքետինգային նյութերի (Email, SMS, Telegram) ուղարկում, ինչպես նաև հաղթողների մասնակցությամբ ֆոտո/տեսանյութերի օգտագործում գովազդային արշավներում։

8.4. Լուսանկարների և տեսանյութերի օգտագործման իրավունքը․ Մասնակիցը համաձայնում է, որ մրցանակների հանձնման արարողության ընթացքում իր մասնակցությամբ արված լուսանկարները և տեսանյութերը հանդիսանում են Կազմակերպչի մտավոր սեփականությունը, և Կազմակերպիչն իրավունք ունի դրանք օգտագործելու, վերարտադրելու, տարածելու և հանրությանը ցուցադրելու առանց լրացուցիչ վարձատրության կամ համաձայնեցման։

8.5. Գործողության ժամկետը և հետկանչը․ Սույն համաձայնությունն ուժի մեջ է մտնում գրանցման պահից և գործում է անժամկետ։ Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ կանչելու իր համաձայնությունը՝ գրավոր դիմում ուղարկելով Կազմակերպչի պաշտոնական էլեկտրոնային հասցեին, ընդ որում՝ մինչև հետկանչն իրականացված տվյալների մշակումը և հրապարակումները համարվում են օրինական։

9. Բողոքարկման և վեճերի լուծման ընթացակարգը

9.1. Բողոքարկման ժամկետները և ձևը․ Մրցույթի ընթացքի, հարցերի կամ արդյունքների վերաբերյալ առարկությունները կամ բողոքները կարող են ներկայացվել մրցույթի ավարտից հետո 24 (քսանչորս) ժամվա ընթացքում՝ Կազմակերպչի պաշտոնական էլեկտրոնային հասցեին գրավոր նամակ ուղարկելու միջոցով։

9.2. Բողոքարկման Հանձնաժողովի որոշումները․ Բողոքները քննվում են Կազմակերպչի կողմից ձևավորված Հանձնաժողովի կողմից 48 ժամվա ընթացքում։ Հանձնաժողովի կայացրած որոշումը հանդիսանում է վերջնական և բողոքարկման ենթակա չէ։

9.3. Կիրառելի օրենսդրությունը․ Սույն Դրույթներից և Պայմաններից բխող բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ։

10. Եզրափակիչ դրույթներ

10.1. Գումարի հետվերադարձի արգելքը․ MacBook Neo համակարգիչ հաղթած մասնակիցը չի կարող դասընթացին մասնակցելու համար վճարված գումարի հետվերադարձ (refund) պահանջել։

10.2. Մրցանակների հանձնումը և հանրայնացումը․ Մրցույթի ավարտից հետո հաղթողների ցուցակը հրապարակվում է Telegram ալիքում, իսկ ուղիղ եթերի ձայնագրությունը պահպանվում է։ Հաղթողները հրավիրվում են գրասենյակ՝ մրցանակների հանձնման և ֆոտոշարքի իրականացման համար։

10.3. Դրույթների և Պայմանների փոփոխությունները․ Կազմակերպիչն իրավունք ունի սույն Դրույթներում և Պայմաններում կատարելու լրացումներ կամ փոփոխություններ, որոնք հրապարակվում են պաշտոնական կայքում մինչև մրցույթի մեկնարկը։